Պարտվեցինք, որովհետև թալանեցինք պետական գանձարանը, չբռնեցինք գողերին, չկտրեցինք զինվորի բաժինը հափշտակողների ձեռքը․․․Սամվել Առաքելյանի ջախջախիչ գրառումը

Պարտվեցինք, որովհետև թալանեցինք պետական գանձարանը, չբռնեցինք գողերին, չկտրեցինք զինվորի բաժինը հափշտակողների ձեռքը․․․Սամվել Առաքելյանի ջախջախիչ գրառումը

Ինչու՞ պարտվեցինք

Տասնամյակներ շարունակ կարծել ենք, որ աշխարը մեզ վրա դողալու է, որովհետև առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը…իսկ մեր ցեղասպանված լինելու հանգամանքից ազդված ու արտասվաթոր աչքերով, համայն մարդկությունը իր ուսերի վրա է տանելու մեր լալահառաչ կերպարները, համաշխարհային ծովաբեկության ալիքների վրայով…

Ավա՜ղ սխալվեցինք…

Պարտվեցինք, որովհետև գոռոզաբար պնդում էինք, թե ամենախելացի ազգն ենք, թե թուրքը վախկոտ է ու կռվել չգիտի…պարտվեցինք, որովհետև տխրեցինք մեր հարևանի հաջողություններից, նախանձցեցինք նրա ունեցվածքին…Որովհետև թալանեցինք պետական գանձարանը, հանուն դղյակներ ու թանկարժեք ավտոներ առնելու…որովհետև չբռնեցինք գողերին, չկտրեցինք զինվորի բաժինը հափշտակողների ձեռքը, (վերջում էլ փաթաթեցինք ավազակներին թավիշով) կաշառք տվեցինք ու կաշառվեցինք…

Լավագույն դեպքում երկու երեխա ծնեցինք, իսկ բազմազավակ ընտանիքները, որ երկաթյա ցուրտ տնակներում, ապագա զինվորներ էին մեծացնում, եռեսուն տարի շարունակ չարժանանալով թալանչի իշխանավորների հովանավորությանը, շատ հաճախ հայտնվում էին «Կիսաբաց լուսամուտներ»-ի տաղավարում…Իսկ այդ ընթացքում մեր թշնամին բազմանում էր ճագարի նման ու զինվում մինչև ատամները…

Հայրենասիրության մասին կենացներ խմեցինք մեր դրախտավայր անտառներում, բայց զլացանք մեր հետևից մաքրել բնությունը, լավագույն դեպքում ձմերուկի կլեպներն ու մնացած աղտեղությունները նետեցինք մոակա գետակը… Ծամոնը ու արևածաղկի կլեպները ի տես բոլորի թքեցինք ասֆալտին… Նարեկացի ու Քուչակ գոռացինք, բայց չբարեհաճեցինք հպվել նրանց, այդ տիեզերական գիգանտների աստվածային էությանը…որևէ քառատող անգիր չիմանալով հպարտացանք Թումանյանով, Չարենցով մնացած մեծերով…Կոմիտաս չլսեցինք, փոխարենը մետալիք, կամ օտարածին ջազ… Չհարգեցինք ուրիշի աշխատանքը, ջարդեցինք, կամ մեր տուն քարշ տվինք փողոցում տեղադրված նստարանը…Ալարեցինք ինքնակրթվել, կամ հավուր պատշաճի կրթել մեր երեխաներին…

Մեր հնարավորությունների շատ փոքր մասը դրեցինք հաղթանակի զոհասեղանին, թե նյութական ու թե գործնական առումներով…Ու հիմա, երբ կատարվել է անդառնալին, ականատեսն ենք բորենիների նախախնջույքային զզվելի կուտակմանը հարթակներում, պատրաստ հեղհեղուկ, միամիտ զանգվածին ականջահաճո բառերով մոլորեցնելով, ամեն գնով հոշոտել ընկածին, իր պատառը պոկելու նենգ մտադրությամբ, Ու էլի իրար ենք մեղադրում կատարվածի մեջ, փորձում չոր դուրս գալ համազգային արյան ծովից…

Ո՛չ, տիկնայք ու պարոնայք, մեղավոր ենք անխտի՛ր բոլորս ու պարտությունն էլ բոլորինս է… չեն պարտվել միայն մեր սուրբ նահատակները, նրանք հաղթել են և՛ արյունարբու ոսոխին և՛ մեզ… ոչ բոլորին՝ հասարակության ծույլ ու քցիբ շերտերիս։ Խորապես սխալվում են նրանք, ում կարծիքով պատերազմը ավարտվել է։ Այն ոչ միայն չի ավարտվել, այև ցանկացած պահի կարող է ավելի ուժգին պտտվել նրա արյունոտ թափանիվը, ինչպես սահմանին, այնպես էլ թիկունքում, այս անգամ եղբայրասպաՆ քազաքացիական պատերազմի տեսքով։

Այնպես, որ «Զգույշ խոսենք հայաստանում» եզրույթը առավել քան կարևոր է մեզանում… իսկ միմյանց հպվելու, թեկուզ շատ ցավոտ, ու անհավես ոտքի կանգնելու, հանուն մեր երեխաների, խելքի գալու, ու կյանքը շարունակելու հրամայականը այլընտրանք չունի։

Փառք մեր անմահներին! խաղաղություն սուրբ շիրիմներին! Աստված բոլորիս պահապան։

Սամվել Առաքելյանի Ֆեյսբուքյան էջից։