«Ֆեյսբուքում մեծ աղմուկ է». Լևոն Բարսեղյան

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում մեծ աղմուկ է՝ Գյումրիում մի հին տան վրա առանց թույլտվության երկրորդ հարկ գցելու մասին: Այնպիսի մի աղմուկ է, որ ստվերել է դիմակների միջոցով չիպավորողների, սորոսացավագարների ու բելառուսացուցարար քրֆողների աղմուկները:

Հա ուզեցի հիշել, թե այդ ապօրինությունից դժգոհողներից ով ինչպես էր արտահայտվում, երբ 4 տարի առաջ Գյումրու Ռուսթավելու փողոցի 1000 մետրանոց հատվածը հիմնահատակ քանդվեց հիմնանորոգման համար: Քանի՞ հոգի եղավ, որ ասաց՝ ո՞ւր է նախագիծը, առանց նախագիծ ո՞նց եք 8000 քառակուսի մետր փողոց քանդում…

Երևի էն ժամանակ ո՛չ Ֆեյսբուք կար, ո՛չ կարող էին տեքստեր գրել և այլն:

Խնդրում եմ ինձ չպատմել, թե`

1. Մարդիկ ազատ արտահայտվելու իրավունք ունեն: Ես դա բոլորիցդ լավ գիտեմ, ես բարեխղճության մասին եմ խոսում:

2. Զատո Ռուսթավելին սիրուն նորոգվեց: Ես ճաշակից չեմ խոսում, բարեխղճությունից եմ խոսում:

3. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Տեղյակ ենք, 1988-ին ենք լսել:

Պաչում եմ, հլը գնացեք նայեք Գյումրու պատմական կենտրոնում քանի տեղ են մայթերի վրա տուն ու բալկոն գցել անցած 32 տարիներին»: